Ահա մեր այգու պատմությունը, բերքահավաքը և մասնակցությունը դպրոցական փառատոններին։
2021 թվականի փետրվարյան մի առավոտ Նոր Գեղիի դպրոցի տարածքում մեկնարկեց
յուրահատուկ մի նախաձեռնություն՝ խնձորի այգու հիմնումը։
Դատարկ հողատարածքը աշակերտների և ուսուցիչների համատեղ ջանքերի շնորհիվ վերածվեց ծաղկուն այգու։
Այգու հիմնումը սկսվեց հողի պարարտացմամբ, որին հաջորդեցին ծառերի տնկումը, հողագործական աշխատանքները և մի շարք նախապատրաստական միջոցառումներ։ Աննկարագրելի էր այն հավաքական ուժը, որը դատարկ հողակտորը վերածեց պտղատու այգու։
Աշակերտները սովորեցին հոգ տանել ծառերի և բույսերի մասին, աշխատել թիմով և գնահատել բնության, բերքի ու բարիքի արժեքը։
Այդ գարնանն ընդառաջ տնկվեցին առաջին ծառերը, և այսօր արդեն մենք ունենք պտղատու այգի՝ որպես մեր դպրոցի և համայնքի համախմբման վկայություն։
Այգին շարունակում է աճել և ծաղկել՝ դառնալով սննդի աղբյուր, ուսուցողական հարթակ և ոգեշնչող օրինակ ապագա սերնդի համար։
Խնձորի այգու հիմնման գաղափարը և դրա հաջող իրականացումը մեծապես պայմանավորված էր դպրոցի տնօրենի՝ Ն․ Բաբախանյանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ։
Նրա աջակցությամբ և հետևողականությամբ աշակերտներն ու ուսուցիչները միասին կարողացան ստեղծել մի այգի,որը դարձավ ոչ միայն բերքատու տարածք, այլև կրթական և դաստիարակչական կարևոր միջավայր աշակերտների համար։